«ACHTUNG! ACHTUNG!»
Երբ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի օրը, դեմքի դիվային արտահայտությամբ, բղավոց-սպառնալիքներով Նիկոլը հեռուստաեթերից կրկին ներխուժեց հայաստանցիներիս բնակարաններ ու ասպատակեց առանց այդ էլ առավոտից տակնուվրա եղած մեր հոգիները, ակամա մտաբերեցի պատերազմական թեմաներով ֆիլմերից ծանոթ կերպարին՝ կոկորդը պատռող Ադոլֆ Հիտլերին, ու նրա՝ «Achtung! Achtung!» (ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն) ահասարսուռ ոռնոցը: Չեմ չափազանցում: Եթե կասկածում եք, կրկին ունկնդրեք Նիկոլի օդը թրատող «ճառ»-որոտը:
Իսկ երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից սկսեց բացահայտ ստեր արտավիժել եթեր, մի պահ կասկածեցի ինքս ինձ ու Facebook-յան տիրույթն իրենց գրառումներով ողողած օգտատերերին:
Մինչ Նիկոլի «հայտնությունը» բոլորս էլ համոզված էինք, որ հրձիգը Սասուն Միքայելյանն է:
Բայց «պարզվեց»` ոչ մեկս «ճիշտ» չենք տեսել ու ընկալել՝ Սասունը «զոհ» է: Իրենք՝ իմքայլականներն են «թիրախավորված»: ՈՒ շարունակվեց ականջ ծակող, նորմալ մարդու նյարդերը սղոցող սովորական դարձած աղմուկ-աղաղակ-սպառնալիք-հերյուրանքը: Իսկ վերջում՝ բու՜ռն, երկարատև՜ ծափահարություններ, որ վերծանվում էին այսպես. «Օ՜, Բենամուկի, ինչպես միշտ դու հանճար ես: Էդմոնը՝ սու՜տ, Սասունը՝ ճի՜շտ»:
Միայն մի հարց է մտատանջում. բացահայտ կեղծիքին, բանսարկությանը միահամուռ ծափահարողների մեջ չկա՞ր իրեն հարգող թեկուզ մեկը, որ կանգներ ու հայտարարեր՝ «Նիկո՛լ, էլ չեմ ուզում լինել քո քաղաքական պատանդը, ստին, կեղծիքին այսուհետ չեմ ասում՝ այո՛: Բարձր ամբիոնից դու ոտնահարեցիր ազատ խոսքի իրավունքը հանուն այսրոպեական քո շահի»: Եվ հեռանար: Ո՛չ, չգտնվեց այդ մեկը: Փոխարենը դահլիճը լքեց ԱԺ ԼՀ խմբակցությունը: Մինչդեռ ոչ մի մանդատ կամ պաշտոն չի փոխարինի անձի ազատությանը, ինքնահարգանքին ու արժանապատվությանը: Նիկոլի 88 քայլականներն էլ բրեժնևյան ժամանակների ոգով ճգնում էին ցուցադրել յուրյանց նվիրվածությունը ամբիոնից բացահայտ սուտ, նենգություն, հաշվեհարդարի կոչեր ու ագրեսիա ցանողին: «Ինքնամոռաց» ծափահարում էին սորուն ավազների վրա բարձրացված իրենց կուռքին: Ասել է՝ ծափահարում էին այն ամենին, ինչը իբր մերժել էին 2018-ին, ինչը շահարկելով հասել էին իշխանափոխանցման:
(Ծեծած, բայց պարտվածների քստմնելի ծափերը հիշեցրին 2011-ի դեկտեմբերը, հանրախանութներից մեկի շարժասանդուղքը գրկած, լացից կոտորվող հյուսիսկորեացիներին: «Սիրելի Առաջնորդ» պատվանունով Կիմ Չեն Իրը անձնական օգտագործման «չուչխե»-ին լքելուց ժամանակ առաջ ձեռքով դիպել էր մետաղական այդ կառուցվածքին: Փխենյանցիները «վշտից» էին «կոտորվում», հայաստանցի իմքայլականները` «սիրուց» առ` Նիկոլ):
Ինչևէ, քանի որ ճշմարտությունը վեր է ամեն ինչից շատ մանրակրկիտ մեկ անգամ ևս դիտեցի խորհրդարանում ներկայացված «գեղական մարտաֆիլմը» «Սասուն Միքայելյան & company»-ի բեմադրությամբ ու անմիջական մասնակցությամբ:
ՏԵՍԱԾ-ԼՍԱԾԻՍ ՀԱԿԻՐՃ ՍՑԵՆԱՐԸ
Ամբիոնի մոտ է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսում է «Նիկոլի քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ: Հորդորում.
-Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա ու նման բառեր եք օգտագործում, ի վերջո, ես չեմ ասում՝ իմ վրա եմ վերցնում: Էդ բաները, որ ասում եք, լարվածություն է առաջացնում: Մի՛ արեք:
Սասուն Միքայելյանն ինչ-որ բան է բղավում տեղից: Մարուքյանը դիմում է նրան.
-Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար:
Երեսփոխան Սասունը տեղից շարունակում է խաղալ (հատկապես իրեն վստահված) սադրիչի դերը:
Կադրում նա ձեռքը գցում է շշին, որը վերցնում է Անդրանիկ Քոչարյանը: Հետո կրկին խոսում է Մարուքյանը.
-Ի՞նչ, ի՞նչ: Ինչը կցխե՞ս:
Ապա Մարուքյանն իջնում է ամբիոնից, սրընթաց մոտենում դեպի իրեն «շտապող» Միքայելյանը: Վերջինս թշնամաբար հարվածում է գործընկերոջն ու՞… սկսվում է…
«Մենամարտողներին» բաժանելու փոխարեն երկու իմքայլականներ՝ Վահե Ղալումյանը և Արտակ Մանուկյանը, խառնաշփոթի մեջ թիկունքից հարվածում են Մարուքյանին:
(«Քրեական ենթամշակույթի» դեմ մարտի դուրս եկածներն արդյոք չգիտե՞ն, թե ինչ անուն են տալիս թիկունքից գողեգող հարվածողներին: Դաստիարակությունս ու կրթությունս խանգարում են բարձրաձայնելու հայտնի բնորոշումը: Ես միայն կընդհանրացնեմ՝ անցած երկու տարիներն ապացուցեցին, որ Նիկոլի ու մյուս քայլարածների մարտավարության գլխավոր տակտիկան մեկն է՝ հարվա՛ծ… թիկունքից):
Ոհմակով պատգամավորի վրա հարձակված հայհոյողներին չի սթափեցնում ԱԺ խոսնակի դժգոհ ձայնարկումը.
-Է՜… է՜… է՜… Դե չի՛ կարելի, էլի՜…
Նրան լսող չկա: Շարունակվում են հիշոցները:
(ՀՀ օրենսդիր մարմնում գոյության իրավունք ստացած ու իմքայլականների թելադրած «քաղաքական մշակույթի» անբաժանելի մաս դարձած փողոցային բառուբանը, հայհոյախոսությունը հստակ հուշում են՝ «մարտեր առանց կանոնների» կոչված թամաշաները դառնալու են մեր կյանքի անբաժան ուղեկիցները:
Նաև հավելեմ՝ օրվա ընդդիմությանը ծեծելը քայլարածները ժառանգել են իրենց քաղաքական հայրերից: Մտաբերենք ոչ հեռավոր 1996-ի սեպտեմբերը, երբ ԱԺ-ում ՀՀՇ-ականները Նիկոլի ասած «самосуд»-ն էին իրականացնում Շավարշ Քոչարյանի, Ռուբեն Հակոբյանի, Պարույր Հայրիկյանի, մյուսների նկատմամբ: Ասել է՝ դարձ ի շրջանս յու՞ր):
Արարատ Միրզոյանը ճարահատյալ «հրավիրում» է անվտանգության աշխատակիցներին:
Որքան էլ տարօրինակ է, լռում է երկրի գլխավոր, գերագույն «ասֆալտփռիչը»: Իրեն բնորոշ գոռոց-բոռոցով պատերին ծեփելու ու «թաթիկները կտրելու» սպառնալիքներով չի փորձում սանձել երկրի խորհրդարանը «քուչի կռվատեղի» դարձրածներին:
Հետո կպարզվի (հակառակ կուսակիցների պնդումների, թե վարչապետը ԱԺ-ում չէ), որ «թոկից փախածներին» կարգի հրավիրելու փոխարեն, իր՝ չարից-փորձանքից հեռու սկզբունքին հավատարիմ, Նիկոլը ճողոպրել է «մարտադաշտից», «գլադիատորներին» հանդարտեցնելու պատասխանատու առաքելությունն ինքնակամ զիջելով Արարատ Միրզոյանին:
ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
«Նորին գերազանցության» կամոք երկրի թիվ մեկ հակահեղափոխական «նշանակված» «ահաբեկիչը»՝ Էդմոն Մարուքյանը (ծեծի նախորդ օրը վերջինս սուրճի սեղանի շուրջ Փաշինյանի հետ քննարկել էր Արցախի բանակցություններին առնչվող հարցը), որ պարբերաբար «հոգեբանական բռնության է ենթարկում ԱԺ մեծամասնությանը», Facebook-յան ուղիղ եթերից օրվա ավարտին պատմեց «մարտեր առանց կանոնների» ցուցանքի մասին: Մեծ ուշադրությամբ լսեցի նրա խոսքը: Սկզբից ևեթ ասեմ՝ «ուղերձը», որ մի քանի շերտ ուներ՝ իրադարձային, զգուշացնող և որ ամենակարևորն է, ինչպես ասում են մեր օրերում՝ «մեսիջային»՝ ուղղված հարկավորին, շատ վատն էր, թույլ, վախվորած, և ընդամենը փաստում-հավաստում էր՝ վաղն էլ, մյուս օրն էլ, անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում կրկին «սուրճ կխմենք»:
Վերհիշենք, թե ընդամենը 3-4 տարի առաջ միմյանց վերջին որակումներով նախշած Էդմոնն ու Նիկոլը ինչպես միավորվեցին «Ելքում» և «կոռումպացված, հանցավոր ռեժիմի» պայմաններում, երբ «ճամպրուկներով գումարներ էին տանում Բաղրամյան 26», երբ «համատարած կեղծվում էին ընտրությունները», իսկ «պատգամավորական քվոտաներն էլ բացառապես վաճառվում-գնվում էին թիվ մեկ շենքում» (տարիներ շարունակ հանրությանը մանիպուլացրած Նիկոլի պնդումներն են սրանք) երկուսն էլ հանկարծ նույն դաշինքով հայտնվեցին Սերժ Սարգսյանի ձեռքով «չափված-ձևված» (կրկին իրենց պնդումն է) խորհրդարանում:
ԼՀԿ-ի առաջնորդի ասածի ենթատեքստում այն միտքն էր, թե Փաշինյանը ահագնացող վտանգ է զգում իրենից, հետևաբար մշակել են հատուկ պլան, գերնպատակն է՝ «ոչնչացնել» Մարուքյանին, ընդ որում թիկունքից:
Ավելի ճիշտ է խոսքը տանք Նիկոլից «ծեծվածին». «Ես աչքերին (Նիկոլ Փաշինյանի-Փ.Մ.) նայելով ասել եմ՝ մենք մեզ պատկերացնում ենք որպես հաջորդ իշխանություն: Եթե ձեզ թվում է, որ մենք ինչ-որ մեկին պետք է ծառայենք, որ այդ մեկը գա իշխանության, մոռացեք, դա բացառված բան ա: Մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը: Ասել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով: Որևէ ռեակցիա չեղավ: Կարծում եմ՝ Փաշինյանի համար շատ ծանր հետևանք ա ունեցել այդ հանգամանքը, գնացել անալիզ են արել, ես չգիտեմ:
Իշխանությունն իմացել է, որ մենք ենք այլընտրանքը: Անդադար, ամեն օր, սիրելի հայրենակիցներ, ձեզ ասում է ի՛նչ. չե՞ք ուզում մեզ, քշեք, թող Խաչատրյան Գագոն ու Սերժը գան: Իսկ ո՞վ ա ասում, որ ձեր այլընտրանքը Խաչատրյան Գագոն ու Սերժ Սարգսյանն են: Ասում են՝ իրենք հանցագործներ են, մեր այլըտրանքը հանցագործներն են: Չեն ասում՝ մեր այլընտրանքը «Լուսավոր Հայաստանն» է: Եվ ես իր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ մենք ենք: Մենք գալիս ենք: Երևի ծանր են տանում: Երևի էտեղ ա խորը թաղված շան գլուխը»:
Որ սուրճխմության, դրան հաջորդող ծեծկռտուքի, ապա Նիկոլի՝ փաստերը խեղաթյուրված ելույթի հիմքում «շան գլուխ է թաղված» դժվար չէ գուշակելը: ՈՒղղակի պետք է կռահել՝ ում «շունն» է և ով է «թաղողը»:
Ինչու՞ պետք է Մարուքյանը և՛ ծեծվեր, և՛ «նշանակվեր» մեղավոր: Որովհետև, ինչպես վկայում է նրա իսկ խոստովանությունը՝ «Իշխանությունն իմացել է, որ մենք ենք այլընտրանքը»: (Ափսո՜ս, հազար ափսո՜ս, չբացահայտեց` ով, որտեղ ու երբ է իրենց այլընտրանք «նշանակել»):
ԼՀԿ-ն, ըստ Նիկոլի, ոտնձգություն է անում: Իմա՝ 2018-ին իշխանության բռնազավթման գործընթացում ներդնելով մինիմալ ջանքեր, այսօր մաքսիմալ հավակնություններ է դրսևորում. փորձում է բռնազավթել մեկ անգամ արդեն բռնազավթվածը: ՈՒրե՞մն… Էդմոնը մայիսի 8-ին էլ ծեծ կերավ, վաղն էլ կուտի, մյուս օրն էլ: Ասել է՝ կծեծվի այնքան, որքան պետք է ու որտեղ պետք է: Իսկ Նիկոլի աչքերի մեջ նայելն ու վստահեցնելը՝ «Մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը», անհիմն է, որովհետև անկախ նրանից, թե ժամանակին «Նիկոլ-վարչապետ» «արարած» «անհայտ ոգին» Էդմոնին ինչ է խոստացել, Մարուքյանը երբե՛ք չի լինի իշխանություն: Ինչու: Որովհետև…
Հիմնավորումները կշարադրենք իր ժամանակին:
Իսկ այժմ միայն արձանագրենք. հարգելի Մարուքյան, Հայաստանը որբի գլուխ չէ, որ տեղից վերկացողը վարսավիրություն սովորի: Նաև փաստենք. իր և ԼՀԿ-ի հասցեին հնչող առաջիկա մեղադրանքներին ևս Էդմոնը կպատասխանի «սուրճ խմելու հրավերով»: Չե՛նք կասկածում: Մինչդեռ Նիկոլի պարագայում, հայտնի իրողություն է՝ ուժն է ծնում իրավունք, պարոն Մարուքյան, ոչ թե «սուրճը»:
Կեսգիշերային իր «ուղերձում» Մարուքյանը մանրամասնեց, թե հայտարարված ընդմիջումից հետո ինչպես էին տարբեր կողմերից իրեն քաշքշում: Ի վերջո, ԱԺ նախագահը նրան տարել է իր աշխատասենյակ:
«Գնացինք նրա կաբինետ, Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր: Այն Նիկոլ Փաշինյանին, որին տեսել եք ելույթում, լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր: Կաբինետում լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր: Այնտեղ ես ու Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նայեցինք տեսանյութը, ինքն ինձ էնտեղ հարցրեց՝ բա ո՞նց եղավ»:
Մարուքյանի փոխանցմամբ՝ ինչ-որ պահի Նիկոլն ասել է «զանգեր ունի, հետո հետ կգա» ու հեռացել է: Պատգամավորը համոզված է եղել, որ կդատապարտեն մեղավորներին, որ «ժողովրդավար իշխանությանը, վարչաետին հարիր հայտարարություն կլինի, բա՞յց… Ո՛չ»:
Պարոն Մարուքյան, իսկ ի՞նչն է զարմանալի, ի վերջո Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հավատարիմ մնար իր խոստումին:
«Անպատժելիությունը ծնելու է նոր այլանդակություններ, նոր այլասերվածություններ, նոր խուլիգանություններ, խուժանություններ,- բողոքում է Մարուքյանը:- Սպառնում էր՝ պադյեզդներում կփռենք ասֆալտին… Դրանով ինչ էր ուզում ասել, չգիտեմ: Բայց որ այսօր արդարացրել է բռնությունը, հիմք է դրել Հայաստանում բռնությամբ հարցերը լուծելուն, բռնությամբ մարդու խոսքը ճնշելուն, միանշանակ է:
Ելույթի մեջ ասում է ռոբասերժական… Ժողովուրդ, ձեզ խաբում է: Ձեզ անդադար խաբում է: Նախորդ իշխանությունները որևէ շանս չունեն վերադառնալու: Նախորդ իշխանություններով ձեզ անդադար վախեցնում են, որ ձեզ կոնսոլիդացնեն գործող իշխանության շուրջ: Գործող իշխանությունը իր ամենօրյա ռեժիմով արած սխալներով մսխում է ձեր վստահությունը: Ապաշնորհ իշխանություն է: Էս ձևով ապականելու է ամեն ինչ»:
Էդմոն Մարուքյանն իր եզրահանգումներով ստիպում է հարցադրել՝ ճշմարտությունն արձանագրելու համար պարտադիր ծեծվե՞լ էր պետք: Այդքան տարի մի՞թե չեք ճանաչել «Ելքի» Ձեր երբեմնի դաշնակցի իրական միջուկը: Չե՞ք կռահել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ պայմանավորվել որևէ հարցի շուրջ, հնարավոր չէ առանց հայհոյանք-աղմուկ-աղաղակի-բանսարկությունների ու նսեմացումների գոյատևել նույն դաշտում: Արդյոք չե՞ք ընկալել, որ Փաշինյան «երևույթը» չի կարող կուսակից, դաշնակից, համախոհ, ընդհանրապես, ընկեր ունենալ, որովհետև կասկածամիտ է, դեմագոգ, բարդույթավորված, ինքնասիրահարված ու բռնակալի հակումներով գերխտացած։ Նմաններն իրենցից բացի ո՛չ մեկի գերակայությունը չեն ընդունում, չեն սիրում կիրթ, գրագետ ու կայացած մարդկանց: «Գնահատում» են իրենցից թույլերին, ծառայելու հակումներ դրսևորող ստրկամիտներին:
«Մենք թույլ չենք տալու: Հայաստանը լակոտապետություն չի դառնալու, Հայաստանը խուժանապետություն չի դառնալու,- հայտարարում է Մարուքյանը:- Հայաստանը խուլիգանապետություն չի դառնալու: Խուլիգանությունը դատապարտվելու է, բոլոր առումներով: Ազդարարեց՝ պադյեզդներում կփռենք… Ի՛նչ ուզում եք, արեք: Որևէ մեկի վրա չենք հարձակվելու: Դա բացառված է: Մենք ցիվիլ ուժ ենք: Բայց ուզում եմ տեղեկանաք՝ ունենք բավարար ռեսուրս պաշտպանվելու: Չգիտեմ ինչ խմբավորումներ են ստեղծվում, ինչ-որ հեղափոխության պահապաններ, կիսազինված, կիսազինվորական հագուստով: Անարգանք է դա զինվորական հագուստի նկատմամբ: Ամբողջ օրը քաղաքում մեն-մենակ քայլում եմ: Էկե՛ք, էկե՛ք, տղերք, ու՞ր եք: Չենք հարձակվելու, բայց իմացեք, որ պաշտպանվելու բավարար, ավելի քան բավարար ռեսուրս ունենք:
Այլևս անհնար է: Պիտի համերաշխության օրակարգ բերել:
Անդադար երկրում ղալմաղալ է: Էդ ղալմաղալը գալիս է իշխող ուժից:
Մենք կաղոթենք մեզ ատողների համար, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք չեն հասկանում, թե ինչ են մտցնում ամենօրյա ռեժիմով: Ոնց են կործանում: Չեն հասկանում, թե ինչ է իրենց ձեռքն ընկել ու ոնց են ապականում, ուղղակի մսխում: Բայց ամեն ինչ լավ է լինելու, որովհետև կաք դուք, կանք մենք, կան շատ առողջ ուժեր ու միասին թույլ չենք տա»,- վստահեցնում է կեսգիշերային բանախոսը:
Մարուքյանի «բացահայտման» ողջ ընթացքում անվերջ եթեր էր սպրդում ձևակերպումը՝ «Փաշինյանի ելույթը ոչ թե վարչապետի ծանրակշիռ խոսք էր, այլ իշխանության վերջն ազդարարող հայտարարություն»:
Ըմբռնեցինք, պարոն Մարուքյան:
Իսկ Դուք հասկացա՞ք, որ մայիսի 8-ին, ԱԺ-ում նախորդ օրվա Ձեր բարձրաձայնման պատասխանը ստացաք բռի անդրադարձումով։ Մտաբերեք՝ սուրճի սեղանից հետո ինչպես էիք կրծքով պաշտպանում Փաշինյանին Արցախի ճակատագրով մտահոգ հայ հանրությունից: Մտաբերեք՝ ինչպես էիք ինքնակամ դարձել նրա փաստաբանը:
Հիշեցնեմ Ձեր դայլալը. «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որևէ բան չեն թաքցնում»:
Հիմա ո՞նց հասկանանք այս ահազանգը. «Ժողովուրդ, ձեզ խաբում է: Ձեզ անդադար խաբում է»: Ո՞ր Էդմոնն է իրականը` «սուրճխմությունից» հետո «սավառնո՞ղը», թե՞ կերած ծեծից հետո կեսգիշերային ուղիղ եթերում SOS հնչեցնողը:
Անկեղծ ասած, չեմ զարմանում, որ Սասունը վայրենավարի հարձակվեց հենց Ձեզ վրա, սպառնաց «գլուխ ցխել», «վիզ կտրել», հարվածեց, մյուս իմքայլականները ևս թափվեցին Ձեր գլխին, իսկ երկրի միակ «ասողը» պաշտպանեց խուլիգաններին և անարգանքի սյունին գամեց հենց Ձեզ:
Պարոն Մարուքյան, «երկակի խաղերի» ընդմիջումներին վատ չէր լինի երբեմն-երբեմն մտաբերեիք՝ ո՞վ էր Էդմոնը հեղափոխությունից առաջ: Մոռացե՞լ եք: Հիշեցնեմ՝ Հայաստանի շարքային համեստ քաղաքացի, անկուսակցական, որին հարևաններից շատերը չէին էլ ճանաչում: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ մի օր ՀՀԿ-ն որոշեց խաղից հանել Վիկտոր Դալլաքյանին: Ինչպես մասնավոր զրույցում խոստովանեց կարկառուն հանրապետականներից մեկը. «Հարցին` ու՞մ մտցնել խաղի մեջ, հնչեցին հայտնի հեքիաթի տողերը` ով առաջինը պատահի: Մոտավորապես»: Ճակատագրի կամոք, «առաջին պատահածն» Էդմոն անունով երիտասարդն էր, հանուն որի էլ խաղարկվեց «Մարուքյան օպերացիան»:
Տեսնու՞մ եք: Իսկ Դու՜ք… Կեսգիշերային Ձեր եթերում անգամ համառորեն կրկնում եք «Հրաժարիմք»-ը... Ինչպես կասեր Ձեր առջև կանաչ լույս վառած դասականը. «Սիրուն չի, Էդմոն»:
Հավելեմ՝ որքան հաճախ մերժեք Ձեր անցյալը, Պետրոսի նման ուրանաք, այպանեք մարդկանց, ովքեր օգնել ու նեցուկ են եղել Ձեզ քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին, այնքան հաճախ են ալենսիմոնյանները, սասունները, արտակներն ու ղալումյանները աքացիներ տալու և ապտակելու Ձեր «կլասիկ» (ականջդ կանչի, Ծառուկյան) դեմքին ու հակառակ Ձեր կամքի ներքաշելու «մարտեր առանց կանոնների» խուժանության մեջ: Իսկ Նիկոլը հավատարիմ իր էությանը, նսեմացնելու է հատկապես Ձեզ և սպառնալու «ասֆալտին փռելով»:
Նաև հավելեմ՝ նախօրոք պլանավորված ծեծկռտուքը, որ միս ու արյուն առավ Ձեր կերպարի վրա հենվելով, ավելորդ անգամ վկայեց, թե ինչ փուչիկ էր Էդմոն-Նիկոլ միությունը, թե ինչպես եք ատել ու նախանձել միմյանց: ՈՒղղակի ժամանակի «ասողն» էր ձեզ հավաքել, կցել-կցմցել իրար ու մտցրել ԱԺ։ Բայց երբ ինչ-որ պահի այդ «ձեռքը» տեղի տվեց ու հայտարարեց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ», նաև Ձեր սատարմամբ փորձադաշտի վերածված մեր երկիրը ստացավ քայլարած անկապների այն խորհրդարանը, որտեղ օրենսդրին, ռուսի ասածով՝ «без суда и следствия», կարող են սմբակների տակ գցել կամ 50-60 մարդ դասականի ոճով՝ «հայրական ապտակ» տալ, ապա հոխորտալ՝ «հանգիստ տեղդ վեր ընկի», այլապես «պատերին կծեփենք»:
ՍԱՍՈՒ՛Ն, ՍԱԴՐԻՉՈՒԹՅՈՒՆ-ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ԳԻՏԵՍ, ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ Ո՞Չ
Ծեծկռտուքին հաջորդած իր ելույթում Փաշինյանը բոլորիս հիշեցրեց՝ Սասուն Միքայելյանն այն մարդն է, որ «անհրաժեշտ պահին» շշով խփել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: Եվ ի՞նչ: Ասել է՝ ում ուզի կարող է հայհոյել-ծեծե՞լ: Այդ պատճառո՞վ խուժան մենամարտից հետո իմքայլականները շտապեցին արդարացնել նրան: Փաշինյանն էլ, թե՝ Էդմոն Մարուքյանը չպետք է թողներ ամբիոնը, իսկ Սասուն Միքայելյանը գուցե դուրս էր ուզում գնալ: Հա՞ որ, Սասուն: Տղամարդկություն ունեցիր տեր կանգնելու ասածներիդ ու արածիդ, այն է՝ հստակեցրու՝ դուրս էիր գնու՞մ, թե՞ գրոհում էիր, որպեսզի «ցխես» գործընկերոջդ գլուխը, կամ՝ կտրես «վիզը»: Սադրիչություն-խառնակչություն անել գիտես, իսկ պատասխան տալ ո՞չ: Ի դեպ, հենց կփորձես հոդաբաշխ ինչ-որ բան ասել, չմոռանաս անդրադառնալ և Դավիթ Շահնազարյանի դեռևս 2018-ի դեկտեմբերի 4-ին հենց քեզ ուղղված բարձրաձայնմանը. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թ. հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին: Ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակ նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել: Եվ ովքե՞ր նրան համոզեցին, որ չանի: Թող պատմի այս մանրամասները»:
Սասուն Միքայելյան, Աժ-ում հայ մարդու գլուխը «ցխելու» կամ «վիզը» կտրելու և այլ սպառնալիքներ շաղ տալու փոխարեն, նախ և առաջ Դավիթ Շահնազարյանի հստակ ձևակերպված հարցի պատասխանը հնչեցրու:
Թերևս անցյալիդ այդ մութ կետո՞վ էր պայմանավորված խայտառակ հայտարարությունդ, թե «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը»: Քեզ համար, գուցե և, որովհետև եթե չգտնվեին ոմանք, Վազգեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, «ցխած» կլիներ գլուխդ: Ասել է՝ մի հարվածով քեզ կզրկեր ընկերներիդ, հովանավորներիդ անվերջ դավաճանելու և միշտ օրվա իշխողի կողքին լինելու խայտառակությունից: Իսկ ամենակարևորը՝ ընտրողներին կազատեր ոչ թե զրոյական, այլ մինուս անվերջություն IQ-ով երեսփոխան ունենալու դժբախտությունից:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ. 1 Շուշիի ազատագրման օրը Փաշինյանն ու իր քայլարածները հասկացա՞ն, թե ինչպիսի՜ նվեր-անակնկալ մատուցեցին Նիկոլի սիրած «կիրթ» Ալիևին:
Երեսփոխան, ձեռքի հետ էլ ԵԿՄ վարչության նախագահ սուբյեկտը, որ խորհրդարանը շփոթել էր փողոցի հետ, ստոր կրքեր բորբոքեց ԱԺ-ում: Ինչպես ժամանակին ոմանց (փրկարարների անուն-ազգանունները թող ինքը բարձրաձայնի) շնորհիվ խուսափել էր Վազգեն Սարգսյանի գնդակից, մայիսի 8-ին էլ Փաշինյանի նախաձեռնած «մեծ լվացքով» շրջանցեց «անարգանքի սյունը»:
Օրենսդիր մարմնում ներկայացվող «Սասուն-շոու» մեյմունությանը զուգահեռ Երևանի մի այլ անկյունում ընթանում էր Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի ազգային հերոս ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոցը փոխելու մասին դատական նիստը: Շուշիի ազատագրման օրը հայակերպի ձեռամբ դատվում էր Արցախը պահած, Շուշին ու յոթ շրջաններն ազատագրած հերոսը:
Հնարավո՞ր է դատել հաղթանակը… երբե՛ք: Բայց երբ իշխանություններդ թշնամու մեջ բարեկամ տեսնող, իսկ երկրի ներսում դավաճան փնտրողներ են, հաղթանակը հնարավոր է կորցնել:
Հ.Գ. 2 «Սասուն-շոուն», ինչպես և սպասվում էր, շարունակվեց մայիսի 11-ի ԱԺ նիստում և վերածվեց (ներողություն եմ խնդրում ընթերցողներից, բայց իրերը ստիպված եմ կոչել իրենց անուններով), «բազարային разборка»-ի:
«Առաջարկում եմ՝ եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող մեր կուսակցությունները իրենց գործը շարունակեն: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»:
Նույն երգն է երգում նաև Մակունցը. «Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե այդպես վարվի նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին` իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ վայր կդնեն իրենց մանդատը ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը»: Տիկին Մակու՞նց… Իսկ չե՞ք ցանկանում հայտարարություն տալ ու վաճառքի հանել Ձեր «աննախադեպ» առաջարկը:
Մոլախաղ հիշեցնող այս սակարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնու՞մ է ընթանում, թե՞ ինչ-որ կազինոյում: Եթե սա խաղատուն չէ, այլ ՀՀ ԱԺ-ն, ապա երեսփոխան Միքայելյանը ո՞ր իրավունքով է անտեսում ՀՀ օրենքներն ու օրինական դաշտը և նմանակելով իր վարչապետին, խորհրդարանական ամբիոնից «самосуд»-ի լեզվով սպառնում Էդմոն Մարուքյանի եղբորը, թե. «Էն, ինչ, որ Էդմոնը անվանել ա էս ամբիոնից Ալենին, առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի ախպերը գրել ա իմ մասին: Եթե դու ներողություն չխնդրիր, ես դու իմ անցած ուղին էլ բոլորդ էլ գիտեք, գիտեք ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ կտամ քեզ հըլնես ներողություն խնդրես, աղերսաբար իմ ծնողից»:
Սասուն, որ չխնդրեց, ի՞նչ ես անելու, գլու՞խն ես «ցխելու»` քարով, թե՞«վիզն» ես կտրելու:
Իսկ դու` անձամբ, չե՞ս պատրաստվում «աղերսաբար», ես կասեի` ծնկի իջած, ներողություն խնդրել նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանից, որին ոչ միայն շշով հարվածեցիր (ինչպես իր ելույթում հպարտորեն փաստեց վարչապետդ), այլև ամենաայլանդակ հայհոյանքները հնչեցրիր: Թե՞ դու կարող ես ծեծել-հայհոյել ում պատահի, բայց քեզ իրավունք չկա հակադարձելու: Հանուն ճշմարտության նաև ասեմ` Էդմոնն էլ, եղբայրն էլ «կիրթ» են հայհոյել: Իսկ քո բերանից աղտեղություն է հոսել:
Որտե՞ղ էր «հոգու քնքույշ լարերի» տեր Սասունը, երբ իր կուսակիցները հայհոյում, սպառնում էին հանրապետականներին, երբ ցուցադրական թաղումներ և հազար տեսակի այլանդակություններ էին կազմակերպում նրանց բնակարանների դռների տակ:
Որտե՞ղ էիր, Սասուն, երբ «սրտիդ վարչապետը» հայ հանրությանը «շնաբարո դուրսպրծուկներ» էր անվանում, հայ մարդուն «հրոսակ» կոչում ու թնդացնում որպես երգ: Ինչու՞ չէիր ըմբոստանում և հուզաթաթավ (ինչպես այսօր) ելույթով սանձում նրան:
Հ.Գ. 3 ԱԺ-ում ներկայացված խեղկատակությունը` Էդմոնի ծեծը, Սասունի շանտաժը` մանդատս կդնեմ, եթե… թերևս պլանավորվել ու շրջանառության մեջ էր դրվել նույն կենտրոնից: Նպատակն էլ մեկն էր` շեղել հանրության ուշադրությունը, խառնաշփոթի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «սղացնել» Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան, կանաչ ճանապարհ հարթելով Ստամբուլյանի ու ԼԳԲՏ-ական անբարոյականների համար: